Ինչպե՞ս լինել ավելի պրոդուկտիվ ուսման ողջ ընթացքում․․․


Անընդհատ փոփոխվող այս միջավայրում կարևոր է չդադարել զարգանալ, անընդհատ նոր գիտելիքներ ձեռք բերել և քայլել ժամանակին համընթաց, հետևաբար պետք է սովորել շատ արագ, աշխատել քիչ ջանք և ժամանակ ծախսել դրա վրա։ Մենք հավաքել ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ սովորելու ընթացքում լինել ավելի պրոդուկտիվ՝


1․ Կենտրոնացի՛ր

Մեր ուղեղը շատ լավ տարբերում է մեզ համար կարևոր ինֆորմացիան անկարևորից, եթե ստացել ես որևէ տեղեկատվություն, որին չես հատկացրել բավարար ուշադրություն կամ չես տվել որոշակի հուզական արձագանք, ապա այն կդառնա քեզ համար անկարևոր և դու դրա մասին այլևս չես հիշի։ Ահա, թե ինչու է անհրաժեշտ կենրոնանալ որևէ բան կարդալիս, կամ դասախոսին/դասընթացավարին լսելիս, տվյալ դեպքում հավանականությունը մեծ է ամեն բան հիշելու։

2. Ստեղծի՛ր հարմարավետ պայմաններ 

Փորձիր ստեղծել քեզ համար վայր, որը նախատեսված կլինի միայն ուսման համար, քանի որ հարմար և տրամադրող միջավայրը կարող է բարձրացնել քո պրոդուկտիվությունը։ Ընտրիր օրվա մեջ հստակ ժամեր ուսմանը տրամադրելու համար, և կտեսնես, որ միևնույն վայրում և միևնույն ժամին պարապունքները կստեղծեն ասոցիացիաներ սովորելու հետ, և, շուտով, դու ինքնաբերաբար կտրամդրվես ուսմանը։

3․ Ցուցաբերի՛ր ակտիվություն

Սովորելու ընթացքում մի՛ սահմանափակվիր միայն դասախոսներին կամ դասընթացավարներին լսելով և տնային առաջադրանքներ կատարելով։ Եթե ունենում ես որևէ հարց, ապա տուր քո հարցը, մի վախեցիր քո տեսակետը արտահայտելուց և քննարկումներին մասնակցելուց։ Այդպես, իհարկե, կկարողանաս ավելի լավ յուրացնել նյութը և թեմայի վերաբերյալ իմանալ ավելին։

4․ Ազատվի՛ր ավելորդություններից

Սովորելու ընթացքում անպայման անջատի՛ր ինտերնետը, կամ փորձիր որոշ ժամանակով «անհետանալ» սոցիալական ցանցերից, քանի որ նույնիսկ «5 րոպե էլ ու վերջ»-երը կարող են քեզ դուրս բերել արդյունավետ աշխատանքի ռեժիմից։

5․ Կիրառի՛ր ձեռք բերած գիրտելիքները

Գիտելիքները, որոնք մենք չենք օգտագործում ժամանակի ընթացքում «ակտիվ» հիշողությունից տեղափոխվում է «պասիվ» հիշողության մեջ, և դրանք հետագայում աշխատանքի մեջ կիրառելիս մենք բախվում ենք դժվարությունների։ Այնուամենայնիվ ոչ միայն «անգիր» սովորիր որևէ ինֆորմացիա, այլ նաև գործնականում կիրառիր դրանք։ Նույնիսկ եթե սովորում ես տեսական նյութ, ապա դա կարող ես վերանայել ժամանակ առ ժամանակ, քննարկել որևէ մեկի հետ, կարդալ կամ նույնիսկ հոդվածներ գրել այդ թեմայով, և այլն։




Կյանքի ժամանակակից ռիթմը, տեխնոլոգիաների զարգացումը ստիպում են մեզ անընդհատ նոր գիտելիքներ ձեռք բերել, ինչու ոչ, ցանկության դեպքում՝ նաև նոր մասնագիտություն։ Մի փոքր ջանք գործադրելով դու կարող ես ուսումը «ձանձրալի» և դժվար գործից վերածել հաճելի և հետաքրքիր զբաղմունքի։ Եվ, հուսով ենք, որ մեր խորհուրդները քեզ կօգնեն այդ հարցում։