JAVASCRIPT–ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ. ԼԻՆԵԼ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ


Արդյո՞ք արժե սովորոել JavaScript, թե...


Եթե դուք նույնպես կանգնած եք նման երկընտրանքի առջև, ապա այս բլոգը հաստատ կօգնի ձեզ կողմնորոշվել։ 

Մենք զրուցել ենք 4 փորձառու՝ ավագ ծրագրավորողների հետ։ Բոլորին ուղղել ենք միևնույն մասնագիտական հարցերը՝ նպատակ ունենալով ստանալ համակողմանի և օբյեկտիվ պատկեր։ 

Պրոֆեսիոնալների կարծիքի հետ ծանոթանալուց հետո «Լինել, թե՞ չլինել JavaScript-ծրագրավորող» հարցը միանգամից կստանա լուծում։


Սակայն մինչ այդ՝ փոքրիկ ՆԱԽԱԲԱՆ


Բազմաթիվ ու բազմապիսի ծրագրավորման լեզուների շարքում առանձնանում է մեկը, որն ասես դպրոցի ամենահայտնի աշակերտը լինի։ Նրան բոլորը ճանաչում են, նրա հետ բոլորը այս կամ այն կերպ շփվում են, նրա հետ ընկերանալը հեշտ է, նա չար չէ ու կարծես՝ չունի բզիկներ։ Ինչպես դժվար չէ կռահել՝ այդ չափազանց պահանջված աշակերտի անունն է JavaScript` ինտերպրետացվող սկրիպտային լեզու: Ստեղծվել է 1995 թվականին Բրենդան Այկի կողմից։ 

Մինչ օրս ամենահանրահայտ սկրիպտային լեզուն է համացանցում։

Բայց ո՞րն է այդ հայտնիության պատճառը, և միթե՞ JavaScript–ի հետ առնչվելիս ամեն բան իսկապես այսքա՜ն պարզ ու հեշտ է տրվում։

Ավելորդ ենթադրություններ անելու փոխարեն՝ տեղին կլինի պարզել ճշմարտությունը այն մարդկանցից, ովքեր արդեն ընտիր ճանաչում և տիրապետում են այս լեզվին։ Կարճ ասած՝ պետք է խոսել ԹՈՒՅՆ մասնագետների հետ։ Այնպիսիների, ում փորձն ու գիտելիքները անբեկանելի վստահություն կներշնչեն թե՛ մեզ, թե՛ ընթերցողին:


ՈՒ ՄԵՆՔ ԱՐԵՑԻՆՔ ԴԱ!!!


Քանի՞ տարի եք աշխատում որպես JS-ծրագրավորող և ո՞ր ընկերությունում եք աշխատում այս պահին։ 


Սկսել եմ 2017-ին։ Այո, արդեն շուրջ 4 տարի է, ինչ ծրագրավորման մեջ եմ։ Հիմա աշխատում եմ STDev ընկերությունում։

Մկրտիչ Մուրադյան (JavaScript Development Team Lead)


Որպես JS-ծրագրավորող աշխատում եմ 4–ից ավել տարի։ Այս պահին աշխատում եմ SoftConstruct ընկերությունում։

Մանվել Եղիազարյան  (Senior Software Engineer Live Scouting Team Lead)


Արդեն 6 տարի է, ինչ աշխատում եմ որպես JS-ծրագրավորող։ Այս պահին EPAM ընկերությունում եմ։ 

Արմեն Բալդրյան (Senior Software Engineer)

 

Երեք տարվա փորձ ունեմ։ Այս պահին աշխատում եմ ServiceTitan Armenia ընկերությունում։

Սասուն Ստեփանյան (Senior Software Engineer)



Ձեր կարիերան սկսե՞լ եք հենց JS -ից։ Ինչու՞ եք ընտրել այս լեզուն և ի՞նչ հիմնական առավելություններ կնշեք այս լեզվի մասին։ 

 

Կարիերան սկսել եմ JS-ից: Նշված լեզուն ընտրելու պատճառը՝ առաջին հերթին JS-ի շատ մեծ տարածվածություն է տարբեր ոլորտներում (web, mobile, server, iot եւ այլն)։ Սա խոսում է լեզվի ճկունության եւ կենսունակության մասին։ Ոլորտ փոխելու համար դու ստիպված չես լինի նոր լեզու սովորել։ Աշխատաշուկայի պահանջարկը շատ մեծ է այսօր հետեւաբար նաեւ աշխատանք գտնելու խնդիր չես ունենա։ Ունի շատ մեծ անվճար ռեսուրսներ (npm) եւ մեծ ընկերությունների(Facebook, Google) կողմից մշակվող  գրադարաններ (React, Angular)։ Անընդհատ կատարելագործվում է եւ այլն։

Մկրտիչ Մուրադյան  (JavaScript Development Team Lead)



Կարիերաս սկսել եմ PHP լեզվից։ Ծրագրավորման Front End ոլորտում JS–ն ունի գերիշխող դիրք։ Ցավոք՝ լավ մասնագետները քիչ են։ Սակայն շուկայում պահանջարկը մեծ է, և ծրագրավորողն ունի ընտրության մեծ հնարավորություն։

Մանվել Եղիազարյան  (Senior Software Engineer Live Scouting Team Lead)



Սկսել եմ front-end – ից՝ HTML, CSS, այնուհետև սովորել եմ JavaScript: Ընտրել եմ այս լեզուն, որովհետև ցանկանում էի վեբ-կայքեր պատրաստել, ինչի համար շատ կարևոր է JavaScript - ի իմացությունը։

Արմեն Բալդրյան (Senior Software Engineer)

 

Կարիերան սկսել եմ հենց JS լեզվից։ Իրականում կոնկրետ պատճառ չի եղել, և այդ պահին ոչ ոք ինձ խորհուրդ չի տվել ուսումնասիրել ինչ-որ առանձին լեզու։ Պարզապես ինքս ընտրել եմ JavaScript։ Ամենագլխավոր առավելությունն այն է, որ JS-ով կարող ենք գրել և՛ front-end, և՛ back-end հատվածը։ Երկրորդը՝ JS-engine-ը չափազանց արագ է համեմատած շատ այլ լեզուների հետ։

Սասուն Ստեփանյան (Senior Software Engineer)

 

 

Լեզվի ուսուցումը սկսե՞լ եք դասընթացով։ Հիմա շարունակու՞մ եք անցնել մասնագիտական դասընթացներ թե ոչ։


Մի քանի ամիս ինքնուրույն ուսումնասիրելուց հետո շարունակել եմ սովորել մասնագիտական կենտրոնում։ Այս պահին կոնկրետ դասընթացի չեմ մասնակցում, ընդհանրապես նախընտրում եմ ինքնակրթության տարբերակը։

 Մկրտիչ Մուրադյան  (JavaScript Development Team Lead)

 

Լեզուն սկսել եմ ուսումնասիրել գրքերով։ Նախընտրում եմ կարդալ հոդվածներ JS–ի վերաբերյալ։ Հետևում եմ նաև կոնֆերանսներին (Holly JS, ng-conf), որոնք բավականին պրոդուկտիվ են։ Իսկ դասընթացները օգտակար են լեզվի մասին նախնական գիտելիքներ ստանալու համար։

Մանվել Եղիազարյան  (Senior Software Engineer Live Scouting Team Lead)


Սկսել եմ ինքնուրույն տարբեր օնլայն դասընթացներ նայելով և գրքեր կարդալով: Ինչպես նաև հաճախել եմ ԹՈՒՄՈ կենտրոն: Օֆլայն դասընթացների չեմ մասնակցել երբեք, բայց անընդհատ հետևում եմ udemy և linkedin թարմացումներին։ 

Արմեն Բալդրյան (Senior Software Engineer)


Միանգամայն ինքնուրույն եմ սկսել ուսումնասիրել JS։ Հատկապես իմ դեպքում շատ կարևոր էր գրքեր կարդալը։ Կարող եմ խորհուրդ տալ Կայլ Սիմպսոնի հեղինակած «You Don't Know JS: Scope & Closures» գիրքը, որով և ինքս սկսել եմ սովորել։ 

Սասուն Ստեփանյան (Senior Software Engineer)

 


Ըստ Ձեզ՝ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ JS ծրագրավորման լեզվի առաջնային գիտելիքներ ձեռք բերելու համար։ 

 

Իհարկե, դա մեծապես կախված է անհատից, բայց եթե վերցնենք միայն JS-ը, ապա 3 - 4 ամիսը բավարար է լեզվին ծանոթանալու եվ որոշակի աշխատանք կատարելու համար, սակայն իմ կարծիքով՝ մինչ այդ կամ դրան զուգահեռ պետք է ուսումնասիրել ընդհանուր ծրագրավորման հիմունքները, որպեսզի առավել հիմնարար պատկերացում եվ մտածողություն ձևավորվի։

Մկրտիչ Մուրադյան (JavaScript Development Team Lead)


Եթե տիրապետում եք մեկ այլ ծրագրավորման լեզվի, ապա 2 ամիսը բավարար է JS յուրացնելու համար։ Իսկ եթե նորեկ եք ոլորտում, ապա 6 ամսվա մեջ բավականին լավ կտիրապետեք լեզվին։

Մանվել Եղիազարյան (Senior Software Engineer Live Scouting Team Lead)


6 ամիս՝ սա իմ սուբյեկտիվ կարծիք է։

Արմեն Բալդրյան (Senior Software Engineer)


Բազային գիտելիքներին տիրապետելու համար անհրաժեշտ է երկու ամիս ժամանակ։

Սասուն Ստեփանյան (Senior Software Engineer)



Շարունակելի...