Կարիերայի փոփոխություն․ 10 քայլ դեպի IT



Հաճախ ես մտածում IT ոլորտում աշխատանքի մասին, սակայն կարծում ես շատ բարդ, գուցե անհնար է այս ոլորտ մտնել, որովհետև քեզ թվում է` IT-ում միայն հանճարներ են աշխատում, իսկ դու քեզ երբեք այդպիսին չես համարել։ Դե ինչ, լավ նորություն ունենք քեզ համար․ IT -ում անշուշտ հանճարները քիչ չեն, բայց և դու ինքդ հեռու չես այս ոլորտի նոր հանճարներից մեկը դառնալու։ Վստահ եղիր, որ ինքդ որոշ ժամանակ հետո կարող ես դառնալ այս ոլորտի լավագույններից։  Արի մի քանի պարզ քայլերով և խորհուրդներով կիսվենք քեզ հետ։


Քայլ 1.

Նախ, արի հասկանանք՝ ինչու՞ է այս ոլորտը գրավել ուշադրությունդ և ինչու ես մտածում կարիերադ այս ուղղությամբ տանելու մասին։

Բարձր աշխատավա՞րձ։ Այստեղ կարևոր է մի բան հիշել․ քո պատկերացրած ու երազած աստղաբաշխական աշխատավարձը գալու է փորձի, գիտելիքի և իհարկե, բարձր որակով կատարած աշխատանքի հետ։ 

Մեծ պահանջա՞րկ՝ շատ թափուր հաստիքներ, հեշտ է աշխատանք գտնել։ Այո, ոլորտի զարգանալուն զուգահեռ աճում է IT ոլորտի մասնագետների պահանջարկը։ 

Հետաքրքիր առաջադրանքներ ու չձանձրացնող աշխատանք։ Այստեղ, մի պահ շունչ քաշիր ու փորձիր հասկանալ քեզ ի՞նչ է դուր գալիս, օրինակ, խնդիրներ լուծել, ի ցույց դնել քո ստեղծագործական էությունը, մարդկանց օգնելը, և իվերջո, ինչպիսի կարիերա ես քեզ համար պատկերացնում։ Շատ կարևոր է, որ քեզ համար ունենաս այս հարցերի պատասխանները։

Անհատական աճի մեծ հնարավորություննե՞ր։ Անհրաժեշտ է չմոռանալ, որ ոլորտը չափազանց դինամիկ է, և զարգացումներից հետ չմնալու համար, անհրաժեշտ է անդադար աշխատել սեփական գիտելիքների և հմտությունների զարգացման վրա և պատրաստ լինել կայուն կերպով ժամանակ հատկացնել գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։ 

Երբ առերեսվեցիր ինքդ քեզ հետ և պատասխանեցիր վերը թվարկած հարցերին, հայտնաբերեցիր, որ ունես շատ կասկածներ, մտավախություններ և վախեր։ Եվ դա ՆՈՐՄԱԼ Է։ Բայց․․․ չպետք է մոռանալ նպատակներիդ մասին։ Եթե IT-ում աշխատելն ու այս ոլորտում կայանալը քո նպատակն է, ապա թույլ մի տուր, որ վախերն ու կասկածները քեզ հետ պահեն քո նպատակից։ Սկսի՛ր գործել, փոքր քայլերով, բայց սկսիր ու կանգ մի առ։


Քայլ 2․ 

Ուսումնասիրիր ոլորտը, տես ինչ ընկերություններ կան ոլորտում, ինչ առաջարկներ ունեն, ինչ առավելություններ ունեն։ Ուսումնասիրելուց հետո, առանձնացրու ընկերությունների ցանկ, որտեղ կցականայիր աշխատել, ԻՆՉՈՒ  կցանականայիր հենց այնտեղ աշխատել, գոնե 3 պատճառ։  

Այնուհետև, կարդա ոլորտի թափուր հաստիքների աշխատանքի հայտարարությունները, որպեսզի տեսնես ինչ գիտելիքի կամ հմտության պակասն է, որ քեզ հետ է պահում քո երազելի աշխատանքից․ գուցե պետք է ծրագրավորման լեզու, դիզայն, կամ կոնկրետ ծրագիր սովորել։ Կազմիր ցանկ ու հիշիր, որ նոր գիտելիքների պակասը լրացնելը ժամանակ, համառություն և հետևողականություն է պահանջում։ 


Քայլ 3․ 

Խոսիր մարդկանց հետ, հաստատ կունենաս ընկերներ կամ ծանոթներ, ովքեր աշխատում են տեխնոլոգիական ընկերությունում։ Սա կօգնի քեզ հասկանալ՝ ինչպես են իրենք կայացել այս ոլորտում, և քայլերի ինչ հաջորդականություն դիտարկես դեպի IT քո ճանապարհը կառուցելիս։ 


Քայլ 4․

 Գտիր քո դասընթացը։ Երբ արդեն ցանկ ես կազմել, թե ինչ գիտելիքների ու հմտությունների պակաս ունես, ժամանակն է անցնել այդ պակասը լրացնելուն։ Կրթական բազում նյութերի առցանց հասանելիության պայմաններում, կարող ես գիտելիքներդ լրացնել կամ նորը ձեռք բերել ինքնուրույն՝ առանց դասախոսի։ Առկա են ինպես անվճար, այնպես էլ վճարովի տարբերակներ։ Կամ, կարող ես հաճախել դասընթացի, որտեղ կունենաս մենթոր, դասախոսդ միշտ պատրաստ կլինի հարցերիդ պատասխանել և առավելագույնս աջակցել, որպեսզի նոր ոլորտում քեզ խճճված չզգաս։ Եվ ընտրիր այնպիսի դասընթաց, որը քեզ կտա ռեալ, գործնական գիտելիքներ։


Քայլ 5․ 

Դիտարկիր փորձանկությունը (internship) որպես ճանապարհի սկիզբ։ Կլինեն ընկերություններ, որոնք պատրաստ չեն լինի Ձեզ առաջարկել ամբողջական դրույքով, վարձատրվող աշխատանք, սակայն, փոխարենը կառաջարկեն փորձնակություն՝ internship: Նման հնարավորության դեպքում՝ շատ հմտություններ ձեռք կբերես հենց աշխատանքի մեջ։


Քայլ 6․ 

Մի մոռացիր սոֆտ-հմտությունների մասին։ Զարգացրու դրանք, այո, անգամ անգլերենիդ իմացությունը, ոլորտի լեզուն, այնուամենայնիվ, անգլերենն է։


Քայլ 7․ 

Թարմացրու ռեզյումեդ։ Նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելուց հետո, թարմացրու ինքնակենսագրականդ՝ ռեզյումեդ՝ ոլորտային լեզվին բնորոշ ձևակերպումներով և գեղեցիկ ոճով։ Իդեպ, քեզ այս դասընթացից հետո այս հարցում կօգնեն:


Քայլ 8․ 

Մասնակցիր ոլորտային միջոցառումներին, վեբինարներին, եղիր ակտիվ, ձեռք բեր նոր ծանոթություններ, և՛ շատ բան կսովորես, և՛ լավ կապերը քեզ հետո պետք կգան ;)


Քայլ 9․ 

Դիմիր աշխատանքի համար, երբ զգաս նոր ոլորտում արդեն կարող ես որպես սկսնակ աշխատել։ Հարցազրույցին կգնաս պատրաստված, ընկերության մասին տեղեկացված։ Ու այո, եղիր համառ։ Հիշիր, որ ունես նպատակներ և դրանց հասնելու համար ջանք է պետք։ Երբեմն հեշտ կլինի, երբեմն դժվար, բայց կարևորն է, որ չմոռանաս նպատակիդ մասին։


Քայլ 10․ 

Եղիր համբերատար։ Կարիերայի փոփոխությունը պահանջում է ժամանակ, համբերություն ու բազում ջանքեր։ Դեպի IT ճանապարհին չհիասթափվես, ամեն մարդ սովորելու իր ռիթմն ունի, իսկ եթե կարիք ունես հասկանալու, թե ինչ ուղղություն ընտրել IT -ում, դիմիր և քեզ այստեղ կօգնեն։ - 

Կանգ չառնես նպատակիդ ճանապարհին, արա փոքր քայլեր, բայց գնա առաջ։ Ոչ մեկ չի դարձել IT հանճար մեկ գիշերում։