Անդրոի՞դ, Ծրագրավորու՞մ, Անդրոի՛դ ծրագրավորում


Երևի շատ անգամներ լսել ես Android ծրագրվորման մասին, նկատել ես բազում աշխատանքի հայտարարություններ և հնարավորություններ։ Այս բլոգում ես և դու միասին կուսումնասիրենք Android-ը, Android ծրագրավորումը, և թե ինչպես կարող ես դառնալ որակյալ Android ծրագրավորման մասնագետ։ Նախ արի՛ պատմեմ, թե ինչ է Android-ը։ Լա՞վ։ Ուրեմն սկսեցի՜նք․․․

 


Ի՞նչ է Android-ը


Սմարթֆոնների և պլանշետների ժամանակակից օգտվողները դժվար թե տան այն հարցը, որը տեսնում ես այս թեմայի վերնագրում, բայց արի՛ չմոռանանք, որ աշխարհում կարող ես գտնել հսկայական թվով մարդկանց, ովքեր հիմնականում ծանոթ չեն տեխնոլոգիաներին: Այսպիսով, նրանք ծանոթ չեն այնպիսի սահմանմանը, ինչպիսին է «android»-ը:

Լսե՞լ ես, չէ՞, Windows օպերացիոն համակարգի մասին և աշխատել դրա հետ: Android-ը ևս օպերացիոն համակարգ է, որը նախատեսված է հիմնականում սենսորային էկրանների հետ աշխատելու համար, սակայն այն օգտագործում են նաև թվային տեսախցիկների, խելացի ժամացույցների և այլ սարքերի հետ: 


Ընդհանուր պատկերացում կազմեցիր, չէ՞, Android-ի մասին, մի փոքր էլ Android-ի պատմության մասին պատմեմ ու կարող ենք անցնել բուն թեմային։ Գնացի՜նք․․․

Android-ի պատմությունը սկսվել է 2003 թվականին՝ ավելի վաղ քան մեր կյանքում կհայտնվեր սմարթֆոն տերմինը։ Android-ը հիմնադրվել է Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում՝ 4 հիմնադիրների կողմից։ Հիմնադիրներից մեկը նշել է՝ «Android Inc-ը կմշակի ավելի խելացի շարժական սարքեր, որոնք ավելի լավ գիտեն իրենց սեփականատիրոջ գտնվելու վայրը և նախասիրությունները»: (Փաստորեն, այս ամենը արդեն որոշված է եղել դեռ 2003 թվականից)

2005 թվականին Google-ը գնում է Android ընկերությունը, իսկ հիմնադիրները շարունակում էին աշխատել համակարգի վրա: Առաջին բետա տարբերակը հանրային է դառնում 2007 թվականի Նոյեմբերի 5-ին։ 2008 թվականի սեպտեմբերին հայտարարվեց առաջին Android սմարթֆոնի մասին՝ T-Mobile G1-ը, որը հայտնի է նաև որպես HTC Dream: Սմարթֆոնը ԱՄՆ-ում վաճառքի է հանվել նույն տարվա հոկտեմբերին։

Android 1.0 տարբերակն արդեն միավորել էր ընկերության մի շարք այլ ապրանքներ և ծառայություններ: Այն ներառում էր Google map-ը, YouTube-ը և Chrome-ը։ Այն ուներ նաև Android Market-ի առաջին տարբերակը։ Google-ը հպարտորեն հայտարարում էր, որ Play Market-ը (այժմյան Google Play-ը) կունենա «տասնյակ եզակի իր տեսակի մեջ առաջին Android հավելվածները»: Այս հատկանիշներն այժմ բավականին պարզունակ են թվում, բայց սա բջջային սարքերի շուկայում անդրոիդի վերելքի միայն սկիզբն էր:

Android-ի ամեն տարի թարմացումից հետո ավելացնում էր ևս մեկ կամ մի քանի հնարավորություններ, որոնք ավելի էին կատարելագործում Android-ը և առանձնացնում իր միակ մրցակից IOS-ից։ Օրինակ՝ Android 1.0-ից հետո թողարկվում է Android 1.5 cupcake տարբերակը, որը հնարավորություն էր տալիս վիդեոներ վերբեռնել Youtube, ավտոմատ պտտվում էր էկրանը և այլն։

Ընդմիջենք հետաքրքիր փաստով․


Android 1.6-ը անվանել էին Donut, Android 2.0 և 2․1-ը՝ Éclair,  Android 4.4-ը՝ KitKat և այսպես շարունակ։ Android-ի տարբերակները աղանդերի անուններով անվանակոչելը պատկանում էր Project manager Ռայան Գիբսոնին: Իսկ, թե ինչու էր նա այդպես որոշել, այդպես էլ, կմնա գաղտնիք։ Երևի սուրճի հետ քաղցիկներ և համով բաներ էր, ըստ ինձ, շա՜տ սիրում ուտել: ։)



Քաղցր ուզեցի՞ր, ես էլ, բայց վերջացնենք նոր, հա՞ ․․․

 

10 տարի անց Android-ի պատմության մեջ կատարվեց ևս մեկ կարևոր իրադարձություն։ Google-ը հայտարարում է ապրանքանիշի հիմնական թարմեցման մասին, որը իր մեջ ներառում է նոր լոգո և, ավելի կարևոր, որոշում՝ հրաժարվել աղանդերի անուններից հաջորդ տարբերակների համար։ 

Այս պահի դրությամբ Android-ի վերջին թարմացված տարբերակը Android 12-ն է։ 


Համոզված եմ, արդեն քո սրտում փոքրիկ տեղ զբաղեցրեց Android-ը և իր պատմությունը, հետևաբար, հասկանանք` ինչ է Android ծրագրավորումը և ուղորդենք քեզ, թե ինչ է անհրաժեշտ Android ծրագրավորող դառնալու համար։


Քիչ մնաց, մի փոքր էլ պատմեմ՝ ինչպես են ստեղծվում Android հավելվածները։ Ուշադիր կարդա՛ ։) 


Android ծրագրավորումը գործընթաց է, որի միջոցով ստեղծվում են հավելվածներ Android օպերացիոն համակարգի վերահսկողության ներքո։  Google-ը նշում է, որ Android ծրագրավորման համար կարելի է օգտագործել՝ Kotlin, Java և C++ ծրագրավորման լեզուները` հիմնվելով Android Software Development Kit-ին (SDK):


« Android կոդ գրող :) » դառնալու համար անհրաժեշտ է`2 տեսակ հմտություններ՝ Hard և Soft։

Hard հմտությունները սկսվում են Java և SQL իմացությունից, որպեսզի կարողանաս ստեղծել Android հավելված։ Java-ն ամենուր տարածված ծրագրավորման լեզու է, որն օգտագործվում է ծրագրային ապահովման մշակողների կողմից: Իսկ SQL-ը կօգնի քեզ կազմակերպել տվյալների բազաները անդրոիդ հավելվածներում: 


Բացի Java-ից շատ ընկերություններ արդեն սկսել են օգտագործել Kotlin-ը՝ իրենց Android հավելվածները մշակելու համար: Java-ի գիտելիքները, իհարկե, ոչ միայն կօգնեն, այլև հանդիսանում են անբաժան մաս Kotlin սովորելիս, եթե ցանկություն ունես  քայլել ժամանակի հետ համընթաց, ապա պետք է սովորել Kotlin ծրագրավորման լեզուն, որը իր հերթին Java-ի ավելի պարզեցված տարբերակն է, տվյալ ծրագրավորման լեզվի միջոցով ամեն բան կստացվի ավելի ՊԱՐԶ և ԱՐԱԳ։  Սա է հիմնական պատճառը, թե ինչու Java ծրագրավորողները պետք է սովորեն Kotlin  2022 թվականին:

Բացի այդ, դու պետք է հասկանաս, թե ինչպես օգտագործել Android Software Development Kit-ը և Android Studio-ն: Այստեղ դու կգրես քո կոդը, ինչպես նաև կօգտվես գրադարանում առկա նախապես գրված կոդերից:


Հաջողակ և որակյալ Android ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ Hard հմտությունների հետ մեկտեղ, դու պետք է ունենաս Soft հմտություններ:


Հավելվածների մշակման համար ամենաանհրաժեշտ Soft հմտություններից մեկը հաստատակամությունն է կամ կանգ չառնելու ունակությունը, երբ ամեն ինչ դժվար է թվում կամ հայտնվում են խոչընդոտներ (քանի որ վստահիր ինձ, դա անպայման տեղի կունենա, երբ դու կոդավորես): 


Նաև արժեքավոր է ուրիշների հետ համագործակցելու պատրաստակամությունը: Անխուսափելի է, որ ինչ-որ պահի դու ստիպված կլինես համագործակցել և աշխատել մեկ այլ անձի կամ թիմի հետ, լինի դա ծրագրավորող, դիզայներ կամ ոլորտի որևէ այլ մասնագետ:

Եվ, անկասկած, Android-ի լավագույն մշակողները նրանք են, ովքեր ցանկանում են շարունակել սովորել: Տեխնոլոգիան անընդհատ փոփոխվում է, այնպես որ դու պետք է անընդհատ սովորես այն, ինչ նոր է, որպեսզի արդի լինես ծրագրավորման աշխարհի արագընթաց միջավայրին:

Հուսով ենք,  բլոգը ինչ-որ չափով քեզ ոգևորեց սովորել և դառնալ որակյալ մասնագետ, այնպես որ ժամանակ մի՛ կորցրու, քանի որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ ժամանակը ամենակարևոր բանն է։ Իսկ մենք ունենք քեզ համար ընտրված դասընթաց, մանրամասներին ծանոթանալու համար կարող ես անցնել հետևյալ հղումով: