Լավ ընտրություն։ Որակի ապահովման (QA) ինժեների կարիերա


Ողջույն։ Քյուբիթում մենք սիրում ենք կիսվել օգտակար գիտելիքներով և խորհուրդներով, և այս գրառումը ևս բացառություն չէ։ Նախորդ մեր բլոգ-հոդվածներում մենք խոսում էինք ամենաարագ զարգացող, ամենալայն տարածումը գտած և, թերևս, ամենագեղեցիկ ծրագրավորման լեզուներից մեկի՝  Javascript - ի մասին, քննարկում էինք, թե ինչու արժի սովորել այս լեզուն (վերևում նշված «ամենա»-ների շարքից արդեն իսկ պարզ էր ։Ճ )։ Բայց այսօր մենք չենք խոսի ծրագրավորման լեզուներից, այլ կանդրադառնանք ՏՏ ոլորտում մե՜ծ և օրեցոր աճող պահանջարկ ունեցող մասնագիտությունից. QA (Quality Assurance) կամ որակի ապահովման ինժեներ։

Վերջին տարիներին այս մասնագիտության հանդեպ ուշադրությունը մեծ է թե՛ ՏՏ ընկերությունների, և թե՛ իրենց կարիերան ընտրող մարդկանց կողմից։ ՏՏ աշխարհի ընկերությունների մոտցեումը հետևյալն է. կան ընկերություններ, որոնք ունեն  մեկ կամ երկու QA մասնագետ, կան ընկերություններ, որոնք ունեն որակի ապահովման առանձին թիմ կամ անգամ թիմեր, և կան նաև այնպիսի ընկերություններ, որտեղ  QA մանսագետներն աշխատում են ծրագրավորման տարբեր թիմերի կազմում։ Եվ, թեև սա ընկերությունների կառուցվածքային առանձնահատկություններն են, մեկ բան միանշանակ պարզ է. ՏՏ ընկերությունները ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ QA ինժեներների։


Ո՞վ է QA ինժեները։

Եթե հակիրճ ներկայացնենք, թե որն է QA ինժեների աշխատանքի բնույթը, ապա այն կհնչի այսպես. QA ինժեների աշխատանքն է կանխել օգտատերերի/ հաճախորդների կողմից «վատ» կամ թերի ծրագրի օգտագործումը։ Ասել է, թե այս մարդիկ գտնում են ծրագրում առկա բոլոր թերությունները, բացերը, որից հետո ծրագրավորղները վերացնում են դրանք։ Արդյունքում մենք՝ հաճախորդներս/ օգտագործողներս ստանում ենք արդեն լիարժեք  ու որակյալ պրոդուկտ, որը օգտագործելիս մեղմ ասած «կաթվածահար» չենք լինի։ Եվս մեկ կապ. QA ինժեներներն իրենց աշխատանքով հոգում են մեր՝ օգտագործողներիս նյարդային համակարգի մասին։ Ձեզ կարող է թվալ, որ QA ինժեները ծրագրի ստեղծման միայն վերջին փուլին է մասնակցում, այսպես ասած մեկնարկից առաջ թերությունները գտնելու համար, սակայն դա այդպես չէ։ Այս մասնագիտության կարևորությունը հենց դրանում է. ծրագրի ստեղծման առաջին իսկ փուլից ապահովել ՈՐԱԿ։ Հրաշալի բառ ու էլ ավելի հրաշալի հատկություն…


Մի փոքր շեղվեցինք։ Եվ այսպես. ինչպես դառնալ QA ինժեներ։

  1. Բնականաբար որևէ մասնագիտություն ընտրելու ժամանակ մեզ հարկավոր է կրթություն։ Գտեք ՈՐԱԿՅԱԼ դասընթաց։ Այո՛, պատրաստ եղեք ժամանակ և գումար հատկացնել կրթությանը և հիշեք, որ կրթությունը ներդրում է ապագայի մեջ։ Որակյալ կրթությունը Ձեզանից կարող է պահանջել մեծ ֆինանսներ, բայց նաև Ձեզ ապագայում կտա մեծ հնարավորություններ։ Գտեք այնպիսի դասընթաց, որտեղ Ձեզ բացի տեսական գիտելիքից «կտանջեն» նաև գործնական առաջադրանքներով և որտեղ պատրաստ կլինեն Ձեր հարցերին պատասխանել, աջակցել և ուղղորդել։
  2.  Գտեք մենթոր, մեկին, ով փորձառու է ոլորտում և կօգնի Ձեզ կողմնորոշվել այս մասնագիտության ոլորաններում։ Մենթոր ունենալը կօգնի Ձեզ, եթե անգամ սկսնակ չեք ոլորտում։ Բացի նրանից, որ մենթորը իր գիտելիքն ու փորձը կկիսի Ձեզ հետ, նաև կլինի կապ ոլորտի մասնագետների ու ընկերությունների միջև, իսկ սա Ձեզ կօգնի, երբ նոր աշխատանքի կարիք ունենաք։ 
  3. Ինքնակրթություն. բազմաթիվ ռեսուրսների առցանց հասանելիության պայմաններում Դուք կարող եք ընտրել նաև ինքնակրթության տարբերակը։ Եղեք համառ ու կանոնավոր կերպով ժամանակ հատկացրեք ինքնակրթությանը, և, իհարկե, լավ կլինի ունենալ նաև մենթոր, նա Ձեզ շատ կօգնի։ 
  4. Պրակտիկա. հիմա շատ են ընկերությունները, որոնք պատրաստ են սովորեցնել Ձեզ և առաջարկել պրակտիկա՝ հետագա աշխատանքի հնարավորությամբ։ Կլինեն դեպքեր, երբ այդ պրակտիկան կլինի չվարձատրվող, սակայն նոր մասնագիտություն սովորելիս կարևորեք գիտելիքի և փորձի ձեռքբերումը։ Այդ պահին գուցե նեղվեք, որ գումար չեք ստանում պրակտիկայի դիմաց, բայց հիշեք՝ հենց գնաք հարցազրույցի, կպարզեք, թե որքան բան եք սովորել և արել։ 



Ինչու՞ է QA ինժեների կարիերան լավ ընտրություն։

Վերադառնանք մեր հոդվածի վերնագրին, թե ինչու է QA ինժեների կարիերան լավ ընտրություն. 

  • մեծ պահանջարկ,
  • լավ վարձատրություն,
  • հետաքրքիր աշխատանք
  • մեծ գոհունակություն, երբ տեսնում ես քո պրոդուկտը քո աշխատանքի շնորհիվ որակյալ է, ծաղկում է և մեծ հաջողությունների է հասնում։ Ի դեպ, Forbes ամսագիրը հետազոտություն էր անցկացրել ԱՄՆ-ում ամենաերջանիկ մասնագիտությունների մասին, և, դե իհարկե, QA-ը դրա ցանկում էր… Դե ինչ, մոտիվացրեցի՞նք. գտի՜ր քո նոր՝ QA ինժեների մասնագիտությունն այստեղ։