Թոփ 10 հմտություններ, որոնք պետք են քեզ ՏՏ աշխարհում
Տարվա վերջը մտորելու ու պլաններ կազմելու ժամանակ է, բոլորս մտովին գծում ենք այն քարտեզը, որով քայլելու ենք գալիք տարում․ իրականացնելու ենք նպատակները, ավարտելու ենք կիսատ մնացած գործերը, և ընդհանուր առմամբ փորձելու ենք նոր տարում մեր կյանքը լավացնել, գուցե սովորել նոր լեզու, նոր մասնագիտություն, և ինչու ոչ, փոխել աշխատանք։
Եթե նպատակ ես դրել գալիք տարում սկսել կարիերա ՏՏ ոլորտում, ապա անպայման կարդա այս հոդվածը։ Մեզ հաճախ են դիմում հարցերով՝ ինչ սովորել, ինչպես անել, որպեսզի այս ոլորտում հաջողել․ արդյոք միայն ծրագրավորման որևէ լեզվի իմացությունը բավարար է ցանկալի աշխատանքին հասնելու համար։ Իսկ ի՞նչ կպատասխանեիր դու․ միայն տեխնիկական գիտելիքներ թե դրանց գումարած սոֆտ- հմտություններ։ Մեր կարծիքը հետևյալն է․ անգամ եթե գիտես ծրագրավորման մեկ կամ մի քանի լեզու, չի նշանակում, որ լինելու ես գերպահանջված ու գնահատված մասնագետ։ Իսկ այդպիսի մասնագետ լինելու համար պետք է ունենալ նաև սոֆտ-հմտություններ։
Մենք այսօր ուզում ենք քեզ հետ կիսվել թոփ 10 հմտություններով, որոնք անպայման պետք են գալու ՏՏ աշխարհում, և ոչ միայն։
1․ Հաղորդակցում/ Communication
Չափազանց կարևոր սոֆտ-հմտություն է։ Եթե դու իսկապես ցանկանում ես դառնալ Pro ՏՏ ոլորտում, դու ՊԵՏՔ է կարողանաս լավ հաղորդակցվել։ Թվում է ՏՏ-ում աշխատում են մարդիկ, ովքեր ամբողջ օրը ականջակալներով լուռ նստած են, գրում են իրենց կոդը և չեն շփվում այլ մարդկանց հետ։ Դե, այդպես էլ է պատահում :) Բայց ՏՏ-ում աշխատանքների ճնշող մեծամասնությունը թիմային են, պետք է կարողանալ թիմի հետ հաղորդակցվել, մտքերը ճիշտ շարադրել, լսելի դարձնել սեփական կարծիքն ու տեսակետը։
Անհրաժեշտ է զարգացնել այս հմտությունը (և՛ գրավոր և՛ բանավոր հաղորդակցումը), եթե ուզում ես հաջողել աշխատանքիդ մեջ։
2․ Կազմակերպվածություն/ Organization
Կազմակերպվածությունը օգնում է ճիշտ համակարգել աշխատանքդ և լինել արդյունավետ։ ՏՏ-ում աշխատանքները դինամիկ են, արագ զարգացող ու փոփոխվող։ Հաճախ կարիք է լինելու մի առաջադրանքից անցնել մյուսին կամ միաժամանակ կատարել մի քանի առաջադրանքներ։ Կազմակերպված լինելու շնորհիվ կկարողանաս մշտապես հետևել քո առօրյա առաջադրանքներին, համակարգել, սահմանել առաջնահերթություններ։ Իսկ եթե կազմակերպված լինելուն զուգահեռ ժամանակը նույնպես ճիշտ կառավարես, ուրեմն ամեն բան հրաշալի կլինի։
3․ Վերլուծական հմտություններ/ Analytical skills
Այս հմտությունը ահրաժեշտ է խնդիրներին տրամաբանական լուծումներ տալու համար, օրինակ, պատկերացրու, կոդ ես գրել, ու այն չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատեր։ Անհրաժեշտ է վերլուծել, թե ինչու քո տված լուծումը չի ապահովում անհրաժեշտ արդյունքը։ Ավելին, եթե իսկապես լավ է զարգացած այս հմտությունը, ապա կարելի է խնդիրների մեծամասնությունը կանխորոշել և արդեն իսկ ճիշտ լուծումներով աշխատել։
4․ Փոփոխությունների կառավարում/ Change Management
Պանդեմիայի վերջին 2 տարին լավ դաս էր՝ պատկերացնելու համար, թե որքան կարևոր է լինել ճկուն, ընկալել փոփոխություններ ու շարժվել դրանց համահունչ։ Շատ գործատուներ են փոխել աշխատանքային պրոցեսները՝ գիտակցելով, որ ապագայում աշխատանքի մոդելն այլ է լինելու։ Հետևաբար աշխատողները ևս պետք է լինեն ճկուն և հաշվի առնեն տեղի ունեցող փոփխությունները։
5․ Ստեղծարարություն/ Creativity
ՏՏ ոլորտի աշխատանքի հայտարարություններով ոչ հաճախ կտեսնենք, որ պահանջեն այս հմտությունը։ Սակայն պատկերացրեք, եթե օրինակ Սթիվ Ջոբսը կամ Բիլ Գեյթսը չունենային ստեղծարար մտածողություն, արդյո՞ք կկերտեին ոլորտի հսկայական փոփոխությունները։ Անգամ եթե չես հավակնում հաջորդ Բիլ Գեյթսը լինելուն, ՏՏ-ում աշխատանքի մեջ անհրաժեշտ կլինի կիսվել գաղափարներով, խնդիրներին տալ նորար լուծումներ։ Ստեղծարար մտածողությամբ և տեխնոլոգիանները օգտագործելով՝ կարելի է լուծել բիզնես առաջադրանքներ և շարժվել առաջ
6․ Պրոյեկտների կառավարում / Project Management
Aշխատելով ՏՏ-ում մեծ է հավանականությունը, որ դու միաժամանակ կունենաս մի քանի պրոյեկտներ՝ տարբեր վերջնաժամկետներով և տարբեր առաջադրանքներով։ Պրոյեկտները լավ կառավարելով՝ դու կկարողանաս ճիշտ պլանավորել անելիքդ, նպատակներ սահմանել և հասնել դրանց, աշխատել գործընկերների հետ՝ թերությունները շտկելու և խնդիրները լուծելու համար։ Ի վերջո, այս հմտությունը կարող է տանել դեպի ղեկավար աշխատանքի, դեպի ավելի լայն հնարավորությունների և, իհարկե, ավելի մեծ պատասխանատվության։
7․ Խնդիրների լուծում/ Problem Solving
Պատահել է, որ օրերով փազլ հավաքես, լուծես գլուխկոտրուկներ կամ ժամերով փորձես հասկանալ, թե ինչու է վատ աշխատում այս կամ այն սարքը։ Այս հմտությունը կարևոր է ցանկացած ոլորտում, դե իսկ ՏՏ-ում հատկապես։ Քանի դեռ սկսնակ ես ոլորտում, խնդիրները լուծվելու են փորձի և սխալի միջոցով, բայց առանց այս հմտության հաջողելը գրեթե անհնար է։
8․ Համառություն/ Perseverance
ՏՏ լավագույն մասնագետները նրանք են, ովքեր չեն վախենում մարտահրավերներից, դժվար առաջադրանքներից ու խնդիրներից։ ՏՏ-ում աշխատանքը ենթադրում է նաև անդադար սովորել, անդադար կատարելագործվել։ Կարևոր է լինել համառ և չխուսափել ճանապարհին հայտնված մարտահրավերներից։
9․ Հնարամտություն/ Resourcefulness
ՏՏ-ի նման դինամիկ զարգացող ոլորտում հնարավոր չէ ամեն բան իմանալ, սակայն այս հմտության կարևորությունն այն է, որ անհրաժեշտության դեպքում իմանաս, որտեղից կարող ես գտնել հարցիդ պատասխանը, ինչ տեխնոլոգիաներ կարող ես օգտագործել ավելի արդյունավետ աշխատելու և քո առջև դրված խնդիրները լուծելու համար։ Այս հմտությունը հատկապես կարևոր է սկսնակների համար․ հիշե՛ք կարիք չկա միշտ իմանալու բոլոր պատասխանները, պարզապես պետք է իմանաք՝ ինչպես գտնել դրանք։
10․ Թիմային խաղացող/ Team Player
Այս հմտությունը նշված է աշխատանքի գրեթե բոլոր հայտարարություններում։ Ընկերությունները չեն կարող հասնել իրենց առջև դրված նպատակներին, եթե իրենց թիմում չունենան մարդկանց, ովքեր պատրաստ են համագործակցել, կիսվել գիտելիքներով, սովորել թիմից ու միասին առաջ շարժվել։
Սրանք ընդամենը մի քանիսին են այն բոլոր հմտություններից, որոնք կօգնեն քեզ գտնել քո երազանքի աշխատանքը ՏՏ-ում։ Ցանկացած աշխատանքի դիմելիս ընդգրկի՛ր քո սոֆթ- հմտությունները ռեզյումեում։ Հիշի՛ր, որ սոֆտ-հմտությունների վրա ևս կարող ես աշխատել և կատարելագործել դրանք։ Մեր բլոգում առաջիկայում անպայման կխոսենք այս մասին։ Իսկ եթե հիմա տարեվերջյան մտորումներդ տանում են քեզ դեպի նոր մասնագիտություն, ապա տե՛ս, թե հունվարից սկսած ինչ կարող ես սովորել․ որակի ապահովում , C#/ .Net Core, իսկ եթե հետաքրքրում է ՄՌ (HR) ոլորտը ՏՏ-ում, ապա տեխնիկական հավաքագրում : Դե ինչ, կհանդիպենք եկող ուրբաթ և ևս մեկ հետաքրքիր թեմայի շուրջ կխոսենք։